Monday, April 15, 2013

Դմբոներին հասկանալ է պետք


Երբ արաբական երկրներում շղթայական հեղափոխություններ սկսվեցին, ամբողջ աշխարհը խոսեց սոցցանցերի, մասնավորապես facebook-ի հեղափոխակերտ դերի մասին: Սոցցանցի ազդեցությունը հիմնականում բացատրում էին մարդկանց խմբեր մոբիլիզացնելու տեխնիկական հնարավորությամբ, բայց շատ քչերը փորձեցին գտնել կապի նորագույն հնարավորության և հեղափոխության միջև իրական կապը:
Facebook-ը հեղափոխություն կազմակերպելու գործիք լինել չի կարող, դա մի դաշտ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած մարդուն իրեն ցույց տալ այնպես, ինչպես նա կցանկանա, որ մյուսները տեսնեն, սրանով ցանցի տեխնիկական հնարավորություններն ավարտվում են: Բայց հենց այստեղ է սկսվում ցանցի ֆենոմենալ ազդեցությունը հասարակական տեղաշարժերի վրա: Տեսնելով, թե որքան շատ ու տարբեր են կայանալու, կյանքը «սպառելու» հնարավորությունները, երիտասարդ ու անփորձ մարդիկ կտրվում են իրականությունից, ոչ ոք ցանցում իրեն չի ներկայացնում որպես անհաջողակ, բոլորը ստեղծում են իրենց դրական կերպարը, ցույց են տալիս միայն իրենց ապրելակերպի ճշմարտացիությունը` չխոսելով դժվարությունների մասին:
Արդյունքում ամբողջ աշխարհում միգրացիոն հոսքերն աճում են, դժբախտ մարդկանց քանակն ավելանում է, քանի որ մարդիկ «գնում» են իրենց տեսած ապրելակերպի հետևից, հաճախ միաժամանակ փորձելով ապրել մի քանի կյանքով: Նույնիսկ եթե գնալ և տեսնել, որ ցանցում քո տեսած կյանքն իրականում այդքան էլ լավը չէ, նշանակում է հիասթափվել ու ստանալ ծանր հարված, չգնալու դեպքում արդյունքը նույնն է.
Հետևանքներն ուղղակի ազդում են երիտասարդների գործողությունների վրա, մարդիկ սկսում են կայանալ շատ ավելի ուշ, ապրելակերպերի քանակն ավելացել է, ընտրություն կատարելու ժամկետն էլ, հետևաբար, ուշացել: Ուշ կայանալու հետևանքը ավելացնում է ինքն իրեն փնտրող մարդկանց քանակը, ապրելակերպի փնտրտուքը ստիպում է հեռու մնալ պատասխանատվությունից, ընտանիք կազմելուց, երեխա ունենալուց:
Facebook-ում տեսնելով նոր հնարավորություններ, մարդիկ փորձում են հասնել դրան, բայց ճանապարհին հանդիպում են խոչընդոտներ, որոնց մասին ցանցում չես տեսնի, ճանապարհի նկարագրություն չկա, կա միայն արդյունքը, հետևաբար մեծանում է այն մարդկանց թիվը, որոնք այդ ճանապարհի խնդիրների համար սկսում են մեղավորներ փնտրել: Ավելի լավ մեղավոր, քան պետական կիսախորհրդային համակարգը, չկա, քանի որ պետությունն ամեն տեղ է, վիզա ստանալուց մինչև դեկանատ, պետությունը արձագանքում դանդաղ, համակարգը չի կարող ընկալել առանց պատասխանատվության իրավունքի յուրացում, առանց պայմանների պահանջների կատարում, առանց աշխատանքի վարձատրություն, իսկ սոցցանցերը «մեր ընկերներն են», քանի որ այնտեղ հեշտ է, դրանք տալիս են միայն արդյունքը: Ստեղծվում է պետության պահանջատիրական կերպար: Հենց սա է դրդում ամենատարբեր իռացիոնալ գործողությունների, դառնում ազատությունը սանձարձակությունից չտարբերելու պատճառ: Ցանկացած երկրում ցանկացած իշխանություն վատն է, բայց սոցցանցերը դրանք ավելի վատն են դարձնում:
Ապրիլի 9-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշումները, գործողություններն ու երիտասարդ լրագրողին «հոգիս» և «դմբո» անվանելը մեծ հույս է ներշնչում: Գերնյարդային ու նուրբ խնդրին այդպիսի մոտեցումը հիրավի ողջունելի է: Դմբո լինելու տարիքային միջակայքն այսօր ավելացել է, պատճառները պետք է ճիշտ հասկանալ և  ուղղորդել գործընթացը` ոչ մի դեպքում չփորձելով սահմանափակել դա, քանի որ այդ դեպքում պետության մեղավորի կերպարը լիովին կարդարացվի: Հեղափոխություններ լինում են հենց, ու միայն այդ դեպքում, այդպես եղավ Եգիպտոսում...

P.S. Ադրբեջանում ուսանողներին ստիպում են ջնջել facebook-ի իրենց էջերը, ոստիկանությունն էլ ծառայության է ընդունել հատուկ հաստիքներով իրավապահների, որոնք պետք է հետևեն քաղաքական գրառումներին ու զեկուցեն ղեկավարությանը: