Tuesday, September 10, 2013

Ասոցացվեք на здоровье !!!

Մի քանի հարյուր տարի առաջ Ռենե Դեկարտն ասել է` Գիտելիքը ուժ է...

Եթե գիտելիքը ուժ է, ապա տգիտությունը` թուլություն.

Հիմա ինչ կապ ունի սա Մաքսային միության հետ.Հայաստանը ուր էլ մտնի, ռուսական ազդեցությունը չի կարող մեծ լինել, ինչու՞, նրանք մեզ չեն ճանաչում, չունեն գիտելիք, թե ինչ է Հայաստանը.

Ռուսները Հայաստանը միշտ տեսել են որպես տարածք, որտեղ ապրում են անգրագետ մարդիկ, լսելով Հայաստան` առաջինը, ինչ մտածում են` Հարավային Կովկաս, նրանք նույնիսկ չգիտեն, որ Հայաստանը Հարավային Կովկաս էր Խորհրդային Միության կազմում, իսկ հիմա` ոչ.

Եթե գիտելիքը ուժ է, ապա տգիտությունը` թուլություն.

Ռուսները ելնում են այն Հայաստանից, որը տեսել են իրենց կազմում, այլ Հայաստան նրանք չեն պատկերացնում.անկախության տարիները փոխել են Հայաստանը, մենք Հարավային Կովկաս չենք, մենք այն մարդկանց հայրենիքն ենք, ովքեր ապրում են Արգենտինայից մինչև Ճապոնիա, Նոր Զելանդիայից մինչև Կանադա.

Եթե գիտելիքը ուժ է, ապա տգիտությունը` թուլություն.

Հայաստանը անգրագետների մարզ չէ, ինչպես կարծում են Մոսկվայում, Հայաստանում ամեն քայլափոխի նկատելի են սփյուռքի հետքեր, ճանապարհի շինարարության հովանավորներ, թե Գաֆեսջյան թանգարան, Վիլյամ Սարոյանի արձան, թե փողոցում զբոսնող սիրիահայեր, այ սա ռուսները չգիտեն, նրանք չեն ճանաչում Հայաստանի էությունը, հետևաբար գաղափար չունեն, թե ինչ է միանում Մաքսային միությանը.

Եթե գիտելիքը ուժ է, ապա տգիտությունը` թուլություն.

Փորձը ցույց է տվել, որ ժամանակը, ցավոք, միայն առաջ է գնում, լինում է, որ այն արագանում է, բայց միևնույնն է` դեպի առաջ. Կայսրությունների դարն այլևս հետ չի կարող գալ, հետևաբար նայել Հայաստանին որպես տարածք, նշանակում է պարտվել ի սկզբանե.

Ռուսները չգիտեն, թե ինչ է հայկական լոբբին ԱՄՆ կոնգրեսում, չգիտեն, որ վերջերս Ամստերդամի ամենահին կամուրջներից մեկը կոչվել է հայկական, չգիտեն, որ Մալայզիայում կա հայկական փողոց, իրենք դա ի վիճակի չեն ընկալել, հետևաբար ի վիճակի չեն հաստատել իրենց ազդեցությունը: Հայաստանը Ռուսաստան չէ, Հայաստանի տարածքը Հայաստանի մի մասն է միայն, ստացվում է, որ, եթե ավելացնում ես ազդեցությունը Հայաստանի Հանրապետության վրա, ամրանում ես միայն Հայաստանի մի մասում, բայց չես էլ դա գիտակցում, քանի որ...

Եթե գիտելիքը ուժ է, ապա տգիտությունը` թուլություն.



P.S. Հիմա, եթե ռուսները մեր անվտանգությունն են պաշտպանում, մեծ հաշվով շահում ենք միայն մենք, որովհետև դրա դիմաց նրանք ստանում են Հայաստանի մի մասը` կարծելով, թե այն ամբողջն է, ու լավ է, որ նրանք չգիտեն, լավ է, որ մեզ վերաբերում են որպես կովկասցիների, լավ է, որ չեն հասկանում, որ հայերը ապրում են նաև Հարավային Հիմալայներում ու Հարավային Անդերում, թող չիմանան էլ..., իսկ Եվրոպայում գիտեն, Եվրոպայում են կամուրջը վերանվանում, հետևաբար, Ասոցացման համաձայնագիրը կարելի է և պետք է ստորագրել, պետք է որքան մեզ, այնքան էլ Եվրոպային, որովհետև ապագան տարածքների մեջ չէ.

Sunday, September 1, 2013

ԱՄՆ պատերազմները աշխարհագրական չեն.Օբաման չի մտնում Սիրիա.

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն այդքան ուզում հարվածել Սիրիային:  Հիմնավորումը կարծես ծաղրանք է, ի վերջո աշխարհում ոչ ոք երբեք չի իմանա, թե իրականում ով է կիրառել քիմիական զենք` բանակը, թե ապսամբները, ինչ ապացույց էլ որ հայտնվի, ոչ մեկի կարծիքը չի փոխվելու, ում կհամոզեն, որ ԱՄՆ ճիշտ է, համոզել են դեռ վաղուց, Իրաքից էլ առաջ, իսկ ով հակառակ կարծիքն ունի, ոչ մի ապացույց ոչինչ չի փոխի. Հիմա ինչու է աշխարհի կեսի զայրույթն ու հակակրանքը առաջացնելու գնով Օբաման այդքան ցանկանում հարվածել Սիրիային.

Պատճառների խճանկարը շատ մեծ է, ինչ էլ որ ասվի, լինելու է դրա մի փոքր մասը, օրինակ` 2011-ին դուրս եկան Իրաքից, 2014-ին դուրս են գալու Աֆղանստանից, անդադար պատերազմ վարող երկրին նոր պատերազմ է պետք, կամ դրանով կթուլացնեն Իրանին, դուրս կմղեն Ռուսաստանին, հեռանկարում կազդեն Չինաստանի վրա և այլն.նման փաստարկները շատ են, բոլորն էլ հիմնավոր, բայց միայն դա չէ.

Ինչո՞ւ են ԱՄՆ նախագահներն առ այսօր հումանիտար նպատակներով երկրի երեսից երկրներ ջնջում` տեսնելով աշխարհի առնվազն կեսի բացասական արձագանքը.աշխարհաքաղաքական ո՞ր նպատակի համար են գնում նման զոհողության.

Դեմոկրատիայի անունից խոսելն իրականում ցինիզմ չէ.ԱՄՆ-ն չէր դառնա աշխարհի ամենահզոր երկիրը, եթե ժամանակին Գերմանիայից չտաներ և՛ Էյնշտեյնին, և՛ Հիտլերի համար աշխատող ու նրա հայացքները կիսող նացիստ, բայց տաղանդավոր ինժեներներին, որոնք ի վերջո  ամերիկացուն տեղափոխեցին Լուսին.

Հրեա և նացիստ` երկուսն էլ նույն իրավունքներով հայտնվեցին ԱՄՆ-ում, մարդու իրավունք կոչվածն այս դեպքում աշխատեց, ոչ ոք չի կարող ժխտել, որ աշխարհի լավագույն համալսարանների քանակով ԱՄՆ-ին ոչ մի երկիր չի կարող հավասարվել. Դա նույնպես տեղի է ունեցել, քանի որ աշխատել է մարդու իրավունքն ու դեմոկրատիան.

Հիմա, ինչ կապ ունի սա Սիրիայի հետ. ԱՄՆ-ի համար այս դեպքում էական չէ, թե ով է ում կոտորում, խնդիրն այն է, որ երկու տարի աշխարհը տեսնում է, թե ինչ է այնտեղ կատարվում, ու ոչ ոք ոչինչ անել չի կարող. Այս դեպքում մեր օրերի Էյշտեյներն ու տաղանդավորները /թեկուզ նացիստ, դա կարևոր չէ/ չգիտեն, կա արդյոք այն երկիրը, որտեղ մարդը կարող է գտնել իր հանգիստը, ինչպես ԱՄՆ անկախության հռչակագրում է ասվում «ձգտել երջանկության»` առանց սուբյեկտիվ հայացքների ու ազգային, կրոնական պատկանելության.

Հենց այս կասկածն է վտանգավոր, այնքան, որ Օբաման իրեն պախարակելու գնով պատրաստ է ամեն ինչ անել. Թե չէ, ով է տասը, քսան տարի հետո աշխարհի առաջին տեղերում պահելու իրենց համալսարանները.

Հենրի Քիսսինջերը պնդում է, որ պետք է ամերիկյան համակարգը ոչ թե պարտադրել, այլ դարձնել գրավիչ, այս գաղափարը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոսեֆ Նայը ձևակերպեց որպես «Փափուկ ուժ»/Soft power/, որի իմաստն էլ հենց դա է, առանց կռվի համոզել, որ դու ես «լույսը» ու պետք է անել այն, ինչ կասվի այնտեղից.

Հիմա ինչպես համոզել աշխարհին, որ ձգտեն դեպի քեզ, եթե ոչինչ չես կարող անել այնտեղ, որտեղ մարդկանց կոտորում են.ամեն երկրում ապրող տաղանդավոր, բայց չկռվող մարդիկ, իրենց մոտ պատերազմի դեպքում հույսով ո՞ւր պետք է նայեն.եթե ոչինչ չանես Սիրիայում, դեպի քեզ հաստատ չեն նայի.


P.S. Հիմա էլ հարցը մտնում է Կոնգրես, իսկ այնտեղ «Լոբբիկռիվ» է սպասվում` ռազմական, հրեական ու հազար ու մի այլ լոբբիների, այս առիթով ճիշտ կլիներ, որ քննարկումներում ակտիվ լինի նաև հայկականը` փորձելով ազդել հարվածների վրա, որ գոնե Հալեպի հայկական շրջանների վրա ռումբեր չգցեն.