Tuesday, February 21, 2012

Հորիզոնական այգին ընդդեմ ուղղահայաց բուտիկների


Երբ տարիներ առաջ Երևանի սրտում սկսվեցին շինարարական լայնածավալ աշխատանքեր, ինչի արդյունքում կառուցվեց Հյուսիսային պողոտան, շատ երևանցիներ բողոքեցին քաղաքի տեսքի նման փոփոխության դեմ, սակայն մի ամբողջ պողոտայի և բազմաթիվ նորակառույց շենքերի կառուցման դեմ բողոքի լուրջ ակցիաներ չկազմակերպվեցին: Ընդամենը մի քանի տարի անց,  արդեն բոլորովին այլ իրավիճակ է, բազմաբնակարանային շենքերի փոխարեն իրենց ծավալներով անհամեմատ ավելի փոքր շինությունների կառուցումը հարուցում է մեր քաղաքի բնակիչների նման համառ դիմադրությունը: Նման փոփոխությունների բացատրության մասին խոսելիս գերիշխում է այն կարծիքը, որ մեր երկրում ձևավորվում կամ արդեն իսկ ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, մարդիկ իրենց իրավունքների համար պայքարել են սովորել և այլն...

Վերջին օրերին հետևելով Մաշտոցի պողոտայի հարևանությամբ գտնվող այգու շուրջ ծավալված իրադարձություններին, չափազանց պատկերավոր կարելի էր նկատել, որ պահանջն ու հակապահանջը գտնվում են հակառակ հարթություններում: Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչն ակտիվիստներին ներկայացրեց քաղաքապետարանի աշխատաոճի շատ տիպիկ պատկերը` նշելով, որ բնապահպանների պահանջի մասին տեղեկացվել է համապատասխան մարմնին, այդ պահանջը պետք է քննարկվի, համապատասխան հրահանգներ տրվեն տարբեր ստորաբաժանումներին, ինչի համար ժամանակ է անհրաժեշտ: Այս խոսքերն առաջին հայացքից շատ պաշտոնական են, ընկալվում են որպես շատ նորմալ երևույթ, դրանք կարելի է որակել նույնիսկ հուսադրող, սակայն ողջ խնդիրը թաքնված է հենց այս աշխատաոճի մեջ:

Պետության ուղղահայց բնույթը, որը խնդիրները լուծելու միակ կառուցվածքն է ապահովում, այլևս չի հասցնում պահանջների արագությանը, կրպակների կառուցման ողջ գործընթացը հարմարեցվում է ուղղահայաց համակարգին, ինչն ապահովում է նրանց պաշտպանությունը պետության կողմից, իսկ այգու պաշտպանների պահանջները բավարարելու համար, եթե նույնիսկ նման ցանկություն լինի, անհրաժեշտ է դիմել ոչ կանոնակարգային, բոլորովին նոր միջոցների, ինչը չի տեղավորվում իշխանական համակարգի ուղղահայաց բնույթի մեջ:

Որպես ասվածիս հետևանք մենք տեսնում ենք, թե ինչ արագությամբ է տարածվում այն զգացումը, որ հանրությունը և իշխանությունը գտնվում են հակառակ ճամբարներում: Սակայն հարկ է նշել, որ ցանկացած իշխանություն` լինի այն աջ, թե ձախ ուժերի ձեռքում,  միևնույնն է բախվելու է հորիզոնական պահանջ-ուղղահայաց հակազդեցություն խնդրի հետ: Այգու պաշտպան-բուտիկի պաշտպան հակադարձվող պատկերացումները ի հայտ բերող պատճառները կապված են ժամանակի արագացման և դրան համարժեք պատասխան տալու անկարողության հետ:

Այսինքն խնդիրը սկզբունքորեն քաղաքական բնույթ կրել չի կարող, փոփոխման է ենթակա ուղղահայաց և դանդաղ համակարգը, սակայն դա անհնար կլինի, եթե մենք վերջիվերջո չձերբազատվենք «դավաճան գրանտակերներ» կամ դրան հակառակ «հաստավիզ օլիգարխներ» փոխադարձ պիտակներից: