Երբ տարիներ առաջ Երևանի սրտում սկսվեցին շինարարական լայնածավալ աշխատանքեր, ինչի արդյունքում կառուցվեց Հյուսիսային պողոտան, շատ երևանցիներ բողոքեցին քաղաքի տեսքի նման փոփոխության դեմ, սակայն մի ամբողջ պողոտայի և բազմաթիվ նորակառույց շենքերի կառուցման դեմ բողոքի լուրջ ակցիաներ չկազմակերպվեցին: Ընդամենը մի քանի տարի անց, արդեն բոլորովին այլ իրավիճակ է, բազմաբնակարանային շենքերի փոխարեն իրենց ծավալներով անհամեմատ ավելի փոքր շինությունների կառուցումը հարուցում է մեր քաղաքի բնակիչների նման համառ դիմադրությունը: Նման փոփոխությունների բացատրության մասին խոսելիս գերիշխում է այն կարծիքը, որ մեր երկրում ձևավորվում կամ արդեն իսկ ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, մարդիկ իրենց իրավունքների համար պայքարել են սովորել և այլն...
Վերջին օրերին հետևելով Մաշտոցի պողոտայի հարևանությամբ գտնվող այգու շուրջ ծավալված իրադարձություններին, չափազանց պատկերավոր կարելի էր նկատել, որ պահանջն ու հակապահանջը գտնվում են հակառակ հարթություններում: Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչն ակտիվիստներին ներկայացրեց քաղաքապետարանի աշխատաոճի շատ տիպիկ պատկերը` նշելով, որ բնապահպանների պահանջի մասին տեղեկացվել է համապատասխան մարմնին, այդ պահանջը պետք է քննարկվի, համապատասխան հրահանգներ տրվեն տարբեր ստորաբաժանումներին, ինչի համար ժամանակ է անհրաժեշտ: Այս խոսքերն առաջին հայացքից շատ պաշտոնական են, ընկալվում են որպես շատ նորմալ երևույթ, դրանք կարելի է որակել նույնիսկ հուսադրող, սակայն ողջ խնդիրը թաքնված է հենց այս աշխատաոճի մեջ:
Պետության ուղղահայց բնույթը, որը խնդիրները լուծելու միակ կառուցվածքն է ապահովում, այլևս չի հասցնում պահանջների արագությանը, կրպակների կառուցման ողջ գործընթացը հարմարեցվում է ուղղահայաց համակարգին, ինչն ապահովում է նրանց պաշտպանությունը պետության կողմից, իսկ այգու պաշտպանների պահանջները բավարարելու համար, եթե նույնիսկ նման ցանկություն լինի, անհրաժեշտ է դիմել ոչ կանոնակարգային, բոլորովին նոր միջոցների, ինչը չի տեղավորվում իշխանական համակարգի ուղղահայաց բնույթի մեջ:
Որպես ասվածիս հետևանք մենք տեսնում ենք, թե ինչ արագությամբ է տարածվում այն զգացումը, որ հանրությունը և իշխանությունը գտնվում են հակառակ ճամբարներում: Սակայն հարկ է նշել, որ ցանկացած իշխանություն` լինի այն աջ, թե ձախ ուժերի ձեռքում, միևնույնն է բախվելու է հորիզոնական պահանջ-ուղղահայաց հակազդեցություն խնդրի հետ: Այգու պաշտպան-բուտիկի պաշտպան հակադարձվող պատկերացումները ի հայտ բերող պատճառները կապված են ժամանակի արագացման և դրան համարժեք պատասխան տալու անկարողության հետ:
Այսինքն խնդիրը սկզբունքորեն քաղաքական բնույթ կրել չի կարող, փոփոխման է ենթակա ուղղահայաց և դանդաղ համակարգը, սակայն դա անհնար կլինի, եթե մենք վերջիվերջո չձերբազատվենք «դավաճան գրանտակերներ» կամ դրան հակառակ «հաստավիզ օլիգարխներ» փոխադարձ պիտակներից:
Դավիթ ջան, շատ ճիշտ ես բռնացրել հարցի «նյարդը»՝ «ցանկացած իշխանություն` լինի այն աջ, թե ձախ ուժերի ձեռքում, միևնույնն է բախվելու է հորիզոնական պահանջ-ուղղահայաց հակազդեցություն խնդրի հետ», բայց, կարծում եմ, այն զգացումը, որ «հանրությունը և իշխանությունը գտնվում են հակառակ ճամբարներում», վերացնելու համար պետք է անել ընդամենը մեկ բան՝ հաշվի նստել հանրության հետ, փորձել «հորիոնականանալ» մի փոքր: Իսկ եթե դա չես անում, այլ – ներեցե՛ք – բուլդոզերի պես քո էշն ես քշում, արհամարհելով հանրության, անգամ ծայրահեղացված կամ հուզական վերաբերմունքը, երբեք դուրս չես գա «հաստավիզ օլիգարխի» կայունացած կերպարից: Պատասխանատվությունը միշտ իշխանությանն է, քանզի նա լիազորություն ունի լուծում տալու:
ReplyDelete