Tuesday, September 10, 2013

Ասոցացվեք на здоровье !!!

Մի քանի հարյուր տարի առաջ Ռենե Դեկարտն ասել է` Գիտելիքը ուժ է...

Եթե գիտելիքը ուժ է, ապա տգիտությունը` թուլություն.

Հիմա ինչ կապ ունի սա Մաքսային միության հետ.Հայաստանը ուր էլ մտնի, ռուսական ազդեցությունը չի կարող մեծ լինել, ինչու՞, նրանք մեզ չեն ճանաչում, չունեն գիտելիք, թե ինչ է Հայաստանը.

Ռուսները Հայաստանը միշտ տեսել են որպես տարածք, որտեղ ապրում են անգրագետ մարդիկ, լսելով Հայաստան` առաջինը, ինչ մտածում են` Հարավային Կովկաս, նրանք նույնիսկ չգիտեն, որ Հայաստանը Հարավային Կովկաս էր Խորհրդային Միության կազմում, իսկ հիմա` ոչ.

Եթե գիտելիքը ուժ է, ապա տգիտությունը` թուլություն.

Ռուսները ելնում են այն Հայաստանից, որը տեսել են իրենց կազմում, այլ Հայաստան նրանք չեն պատկերացնում.անկախության տարիները փոխել են Հայաստանը, մենք Հարավային Կովկաս չենք, մենք այն մարդկանց հայրենիքն ենք, ովքեր ապրում են Արգենտինայից մինչև Ճապոնիա, Նոր Զելանդիայից մինչև Կանադա.

Եթե գիտելիքը ուժ է, ապա տգիտությունը` թուլություն.

Հայաստանը անգրագետների մարզ չէ, ինչպես կարծում են Մոսկվայում, Հայաստանում ամեն քայլափոխի նկատելի են սփյուռքի հետքեր, ճանապարհի շինարարության հովանավորներ, թե Գաֆեսջյան թանգարան, Վիլյամ Սարոյանի արձան, թե փողոցում զբոսնող սիրիահայեր, այ սա ռուսները չգիտեն, նրանք չեն ճանաչում Հայաստանի էությունը, հետևաբար գաղափար չունեն, թե ինչ է միանում Մաքսային միությանը.

Եթե գիտելիքը ուժ է, ապա տգիտությունը` թուլություն.

Փորձը ցույց է տվել, որ ժամանակը, ցավոք, միայն առաջ է գնում, լինում է, որ այն արագանում է, բայց միևնույնն է` դեպի առաջ. Կայսրությունների դարն այլևս հետ չի կարող գալ, հետևաբար նայել Հայաստանին որպես տարածք, նշանակում է պարտվել ի սկզբանե.

Ռուսները չգիտեն, թե ինչ է հայկական լոբբին ԱՄՆ կոնգրեսում, չգիտեն, որ վերջերս Ամստերդամի ամենահին կամուրջներից մեկը կոչվել է հայկական, չգիտեն, որ Մալայզիայում կա հայկական փողոց, իրենք դա ի վիճակի չեն ընկալել, հետևաբար ի վիճակի չեն հաստատել իրենց ազդեցությունը: Հայաստանը Ռուսաստան չէ, Հայաստանի տարածքը Հայաստանի մի մասն է միայն, ստացվում է, որ, եթե ավելացնում ես ազդեցությունը Հայաստանի Հանրապետության վրա, ամրանում ես միայն Հայաստանի մի մասում, բայց չես էլ դա գիտակցում, քանի որ...

Եթե գիտելիքը ուժ է, ապա տգիտությունը` թուլություն.



P.S. Հիմա, եթե ռուսները մեր անվտանգությունն են պաշտպանում, մեծ հաշվով շահում ենք միայն մենք, որովհետև դրա դիմաց նրանք ստանում են Հայաստանի մի մասը` կարծելով, թե այն ամբողջն է, ու լավ է, որ նրանք չգիտեն, լավ է, որ մեզ վերաբերում են որպես կովկասցիների, լավ է, որ չեն հասկանում, որ հայերը ապրում են նաև Հարավային Հիմալայներում ու Հարավային Անդերում, թող չիմանան էլ..., իսկ Եվրոպայում գիտեն, Եվրոպայում են կամուրջը վերանվանում, հետևաբար, Ասոցացման համաձայնագիրը կարելի է և պետք է ստորագրել, պետք է որքան մեզ, այնքան էլ Եվրոպային, որովհետև ապագան տարածքների մեջ չէ.

Sunday, September 1, 2013

ԱՄՆ պատերազմները աշխարհագրական չեն.Օբաման չի մտնում Սիրիա.

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն այդքան ուզում հարվածել Սիրիային:  Հիմնավորումը կարծես ծաղրանք է, ի վերջո աշխարհում ոչ ոք երբեք չի իմանա, թե իրականում ով է կիրառել քիմիական զենք` բանակը, թե ապսամբները, ինչ ապացույց էլ որ հայտնվի, ոչ մեկի կարծիքը չի փոխվելու, ում կհամոզեն, որ ԱՄՆ ճիշտ է, համոզել են դեռ վաղուց, Իրաքից էլ առաջ, իսկ ով հակառակ կարծիքն ունի, ոչ մի ապացույց ոչինչ չի փոխի. Հիմա ինչու է աշխարհի կեսի զայրույթն ու հակակրանքը առաջացնելու գնով Օբաման այդքան ցանկանում հարվածել Սիրիային.

Պատճառների խճանկարը շատ մեծ է, ինչ էլ որ ասվի, լինելու է դրա մի փոքր մասը, օրինակ` 2011-ին դուրս եկան Իրաքից, 2014-ին դուրս են գալու Աֆղանստանից, անդադար պատերազմ վարող երկրին նոր պատերազմ է պետք, կամ դրանով կթուլացնեն Իրանին, դուրս կմղեն Ռուսաստանին, հեռանկարում կազդեն Չինաստանի վրա և այլն.նման փաստարկները շատ են, բոլորն էլ հիմնավոր, բայց միայն դա չէ.

Ինչո՞ւ են ԱՄՆ նախագահներն առ այսօր հումանիտար նպատակներով երկրի երեսից երկրներ ջնջում` տեսնելով աշխարհի առնվազն կեսի բացասական արձագանքը.աշխարհաքաղաքական ո՞ր նպատակի համար են գնում նման զոհողության.

Դեմոկրատիայի անունից խոսելն իրականում ցինիզմ չէ.ԱՄՆ-ն չէր դառնա աշխարհի ամենահզոր երկիրը, եթե ժամանակին Գերմանիայից չտաներ և՛ Էյնշտեյնին, և՛ Հիտլերի համար աշխատող ու նրա հայացքները կիսող նացիստ, բայց տաղանդավոր ինժեներներին, որոնք ի վերջո  ամերիկացուն տեղափոխեցին Լուսին.

Հրեա և նացիստ` երկուսն էլ նույն իրավունքներով հայտնվեցին ԱՄՆ-ում, մարդու իրավունք կոչվածն այս դեպքում աշխատեց, ոչ ոք չի կարող ժխտել, որ աշխարհի լավագույն համալսարանների քանակով ԱՄՆ-ին ոչ մի երկիր չի կարող հավասարվել. Դա նույնպես տեղի է ունեցել, քանի որ աշխատել է մարդու իրավունքն ու դեմոկրատիան.

Հիմա, ինչ կապ ունի սա Սիրիայի հետ. ԱՄՆ-ի համար այս դեպքում էական չէ, թե ով է ում կոտորում, խնդիրն այն է, որ երկու տարի աշխարհը տեսնում է, թե ինչ է այնտեղ կատարվում, ու ոչ ոք ոչինչ անել չի կարող. Այս դեպքում մեր օրերի Էյշտեյներն ու տաղանդավորները /թեկուզ նացիստ, դա կարևոր չէ/ չգիտեն, կա արդյոք այն երկիրը, որտեղ մարդը կարող է գտնել իր հանգիստը, ինչպես ԱՄՆ անկախության հռչակագրում է ասվում «ձգտել երջանկության»` առանց սուբյեկտիվ հայացքների ու ազգային, կրոնական պատկանելության.

Հենց այս կասկածն է վտանգավոր, այնքան, որ Օբաման իրեն պախարակելու գնով պատրաստ է ամեն ինչ անել. Թե չէ, ով է տասը, քսան տարի հետո աշխարհի առաջին տեղերում պահելու իրենց համալսարանները.

Հենրի Քիսսինջերը պնդում է, որ պետք է ամերիկյան համակարգը ոչ թե պարտադրել, այլ դարձնել գրավիչ, այս գաղափարը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոսեֆ Նայը ձևակերպեց որպես «Փափուկ ուժ»/Soft power/, որի իմաստն էլ հենց դա է, առանց կռվի համոզել, որ դու ես «լույսը» ու պետք է անել այն, ինչ կասվի այնտեղից.

Հիմա ինչպես համոզել աշխարհին, որ ձգտեն դեպի քեզ, եթե ոչինչ չես կարող անել այնտեղ, որտեղ մարդկանց կոտորում են.ամեն երկրում ապրող տաղանդավոր, բայց չկռվող մարդիկ, իրենց մոտ պատերազմի դեպքում հույսով ո՞ւր պետք է նայեն.եթե ոչինչ չանես Սիրիայում, դեպի քեզ հաստատ չեն նայի.


P.S. Հիմա էլ հարցը մտնում է Կոնգրես, իսկ այնտեղ «Լոբբիկռիվ» է սպասվում` ռազմական, հրեական ու հազար ու մի այլ լոբբիների, այս առիթով ճիշտ կլիներ, որ քննարկումներում ակտիվ լինի նաև հայկականը` փորձելով ազդել հարվածների վրա, որ գոնե Հալեպի հայկական շրջանների վրա ռումբեր չգցեն.

Monday, April 15, 2013

Դմբոներին հասկանալ է պետք


Երբ արաբական երկրներում շղթայական հեղափոխություններ սկսվեցին, ամբողջ աշխարհը խոսեց սոցցանցերի, մասնավորապես facebook-ի հեղափոխակերտ դերի մասին: Սոցցանցի ազդեցությունը հիմնականում բացատրում էին մարդկանց խմբեր մոբիլիզացնելու տեխնիկական հնարավորությամբ, բայց շատ քչերը փորձեցին գտնել կապի նորագույն հնարավորության և հեղափոխության միջև իրական կապը:
Facebook-ը հեղափոխություն կազմակերպելու գործիք լինել չի կարող, դա մի դաշտ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած մարդուն իրեն ցույց տալ այնպես, ինչպես նա կցանկանա, որ մյուսները տեսնեն, սրանով ցանցի տեխնիկական հնարավորություններն ավարտվում են: Բայց հենց այստեղ է սկսվում ցանցի ֆենոմենալ ազդեցությունը հասարակական տեղաշարժերի վրա: Տեսնելով, թե որքան շատ ու տարբեր են կայանալու, կյանքը «սպառելու» հնարավորությունները, երիտասարդ ու անփորձ մարդիկ կտրվում են իրականությունից, ոչ ոք ցանցում իրեն չի ներկայացնում որպես անհաջողակ, բոլորը ստեղծում են իրենց դրական կերպարը, ցույց են տալիս միայն իրենց ապրելակերպի ճշմարտացիությունը` չխոսելով դժվարությունների մասին:
Արդյունքում ամբողջ աշխարհում միգրացիոն հոսքերն աճում են, դժբախտ մարդկանց քանակն ավելանում է, քանի որ մարդիկ «գնում» են իրենց տեսած ապրելակերպի հետևից, հաճախ միաժամանակ փորձելով ապրել մի քանի կյանքով: Նույնիսկ եթե գնալ և տեսնել, որ ցանցում քո տեսած կյանքն իրականում այդքան էլ լավը չէ, նշանակում է հիասթափվել ու ստանալ ծանր հարված, չգնալու դեպքում արդյունքը նույնն է.
Հետևանքներն ուղղակի ազդում են երիտասարդների գործողությունների վրա, մարդիկ սկսում են կայանալ շատ ավելի ուշ, ապրելակերպերի քանակն ավելացել է, ընտրություն կատարելու ժամկետն էլ, հետևաբար, ուշացել: Ուշ կայանալու հետևանքը ավելացնում է ինքն իրեն փնտրող մարդկանց քանակը, ապրելակերպի փնտրտուքը ստիպում է հեռու մնալ պատասխանատվությունից, ընտանիք կազմելուց, երեխա ունենալուց:
Facebook-ում տեսնելով նոր հնարավորություններ, մարդիկ փորձում են հասնել դրան, բայց ճանապարհին հանդիպում են խոչընդոտներ, որոնց մասին ցանցում չես տեսնի, ճանապարհի նկարագրություն չկա, կա միայն արդյունքը, հետևաբար մեծանում է այն մարդկանց թիվը, որոնք այդ ճանապարհի խնդիրների համար սկսում են մեղավորներ փնտրել: Ավելի լավ մեղավոր, քան պետական կիսախորհրդային համակարգը, չկա, քանի որ պետությունն ամեն տեղ է, վիզա ստանալուց մինչև դեկանատ, պետությունը արձագանքում դանդաղ, համակարգը չի կարող ընկալել առանց պատասխանատվության իրավունքի յուրացում, առանց պայմանների պահանջների կատարում, առանց աշխատանքի վարձատրություն, իսկ սոցցանցերը «մեր ընկերներն են», քանի որ այնտեղ հեշտ է, դրանք տալիս են միայն արդյունքը: Ստեղծվում է պետության պահանջատիրական կերպար: Հենց սա է դրդում ամենատարբեր իռացիոնալ գործողությունների, դառնում ազատությունը սանձարձակությունից չտարբերելու պատճառ: Ցանկացած երկրում ցանկացած իշխանություն վատն է, բայց սոցցանցերը դրանք ավելի վատն են դարձնում:
Ապրիլի 9-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշումները, գործողություններն ու երիտասարդ լրագրողին «հոգիս» և «դմբո» անվանելը մեծ հույս է ներշնչում: Գերնյարդային ու նուրբ խնդրին այդպիսի մոտեցումը հիրավի ողջունելի է: Դմբո լինելու տարիքային միջակայքն այսօր ավելացել է, պատճառները պետք է ճիշտ հասկանալ և  ուղղորդել գործընթացը` ոչ մի դեպքում չփորձելով սահմանափակել դա, քանի որ այդ դեպքում պետության մեղավորի կերպարը լիովին կարդարացվի: Հեղափոխություններ լինում են հենց, ու միայն այդ դեպքում, այդպես եղավ Եգիպտոսում...

P.S. Ադրբեջանում ուսանողներին ստիպում են ջնջել facebook-ի իրենց էջերը, ոստիկանությունն էլ ծառայության է ընդունել հատուկ հաստիքներով իրավապահների, որոնք պետք է հետևեն քաղաքական գրառումներին ու զեկուցեն ղեկավարությանը:

Thursday, March 7, 2013

Հայության գերխնդիրը` Զինանշանի վրա

Իսկ դուք գիտեի՞ք, որ Ֆլորենցիայի գլխավոր տաճարը կառուցված է ներկայիս Իտալիայում քրիստոնեություն տարածող հայազգի Մինասի աճյունի վրա, գիտեի՞ք, որ Եգիպտոսի երկու խալիֆներն ու առաջին վարչապետը հայեր էիր, կամ որ Բյուզանդիան ժամանակին հայկական դինաստիա է ղեկավարել, կամ որ Սիրիայի բանակում հայերը գեներալներ են ունեցել, կամ որ Պորտուգալիան երկիր է դարձել Գալուստ Գյուլբենկյանի հաշվին, գիտե՞ք, թե ովքեր են հայերը եղել Հնդկաստանում կամ Իրանում, դե Սինգապուրի մասին էլ չասեմ, այստեղ նույնիսկ երկրի խորհրդանիշն է հայի ձեռքի գործը:

Իսկ դուք չե՞ք մոռացել, որ Հայաստանը 22 տարի առաջ դեռ Խորհրդային Միության մասն էր, չե՞ք մոռացել, որ Հայաստանի Հանրապետությունը անկախացել է մի հսկա երկրից, անջատվել է փլուզվող համակարգից, որտեղ ձևը միշտ ճնշել է բովանդակությանը, կամ որ Հայաստանը այսօր ղեկավարող սերունդը ապրել է հենց այդ երկրում, կամ որ կրթություն ստացել է այնտեղ, մանկություն, պատանեկություն և նույնիսկ երիտասարդություն ապրել է այլ երկրում, դե Կոմկուսի ազդեցության մասին էլ չասեմ, այստեղ անդամագրվում էին նույնիսկ այն հայերը, որոնք մի օրում դարձան ազգայնականներ:

Առաջին պարբերությունը Հայկական Աշխարհն է, երկրորդը` Հայաստանի Հանրապետությունը: Անցած 22 տարում երկու Հայաստանները ավելի ուժեղ են բախվում  իրար, իրար չեն հասկանում: Գերխնդիրը մեկն է` ինչպես միացնել երկու` բոլորովին տարբեր Հայաստանները: Ես դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ դա պետք է անել...

Միջազգային ներկա համակարգը ստեղծվել է ընդամենը տասնամյակներ առաջ, պետք չէ շրջապատող ներկան ընդունել որպես աքսիոմատիկ ճշմարտություն, մինչև Առաջին աշխարհամարտը մենք այլ աշխարհում էինք ապրում, այլ աշխարհում ենք ապրելու նաև վաղը:

Ու հենց վաղվա պետության տեսակի մասին է պետք մտածել: Անտանելի, ուղղակի զզվելի է անընդհատ սպասել, որ ինչ-որ տեղ, ինչ-որ բան ստեղծվի, որ մենք օգտագործենք, պետության նոր տեսակ ստեղծել կարելի է, ու դա պետք է մենք անենք...

Իսկ մինչև այդ, Հայաստանի զինանշանի Առյուծը կշարունակի թեքել հայացքը Արծիվից, նրանք իրար չեն հասկանում: 

P.S. Չի բացառվում, որ մոտ ապագայում «Երկիրը երկիր չի» անհեթեթ արտահայտությունը  շատ էլ խորափիլիսոփայական հնչի: Հայությանը «Երկրի» նոր համակարգ է անհրաժեշտ: 

Sunday, March 3, 2013

«Ալիևագիտություն».զավեշտ, որի մասին պետք է մտածել



Ադրբեջանում նոր գիտություն են հիմնել` Aliyevshunasliq”, այսինքն` ալիևագիտություն: Հեյդար Ալիևի կյանքը ուսումնասիրող «գիտությունը» հիմնվել է երկրի Գիտությունների Ակադեմիայի պատմության ինստիտուտի շրջանակներում: Զավեշտալի փաստի առաջին արձագանքը Ադրբեջանի բռնապետական լինելն է` «որդին աստվածացնում է հորը», բայց փաստը շատ ավելի խորը մտորելու առիթ է տալիս:

Մինչև միաստվածության հաղթարշավը, հեթանոս աշխարհում տարածության և ժամանակի ընկալման բոլորովին այլ համակարգ էր գործում: Մարդկանց շրջապատող աշխարհն ու իրադարձությունների զարգացման ընթացքը ցիկլային էր, ամեն ինչ ինչ-որ պահի սկսում էր կրկնվել, միաստվածությունը տվեց սկիզբ ու վերջ, աշխարհի ստեղծումից մինչև Ահեղ Դատաստան, սկզբի և վերջի համանման պատկերացնումները միաստվածային բոլոր կրոնների հիմքն են: Սկզբի և վերջի պատկերացումը միայն կրոնական խնդիր չէ, սկիզբ է պետք նաև ժողովրդին, ազգին, պետությանը. օրինակ` Հայկ Նահապետից մինչև 3-րդ հանրապետություն, կամ «Միշտ եղել ենք հզորների գերին, պայքարել ենք, անկախացել, ուռա...»: Բայց ինչ անել, երբ Հայկ Նահապետ չկա, երբ կրոնը չի կարող դեր ունենալ ու տալ սկզբի պատշաճ ընկալում, /որովհետև խորհրդային անաստվածությունից դեռ 20 տարի է անցել/, առանց սկզբի աշխարհը հեթանոսական է ընկալվում, ցիկլերով, ու դառնում է անհասկանալի մյուսների համար, հետևաբար սկիզբը պետք է ստեղծել: Սա Ադրբեջանում դժվար թե հասկանում են, ամեն ինչ բնազդով է արվում, բնազդով է նաև քարոզվում ատելությունը, դրա կարիքը շատ մեծ է...

Հայերս հարևան երկրի համար շատ կարևոր ենք, պատկերացրեք` աշխարհում հայ չկա, չկա Հայաստան և Արցախ. Ադրբեջանը մի քանի տարի հետո կդադարի գոյություն ունենալ, իսկ «ադրբեջանցի» չի լինի մի քանի ամսից: Ինքնության փնտրտուքները առանց թշնամու դատապարտված են: Եթե չկա սկիզբ, ընդհանուր պայքարի զգացում, ժողովուրդ չի ձևավորվում: Մենք այդ փուլն անցել ենք շատ վաղուց, հարևան երկրում գործընթացը սկսվել է 90-ականներին: Հեյդար Ալիևին գիտության ճյուղ դարձնելը սկիզբը գտնելու նրանց բնազդի հուսահատ դրսևորումն է, հայերից թշնամի դարձնելը նրանց` լավի ու վատի տարանջատման բնազդի` անհաջող արտահայտումը:

Ինքնության և աշխարհում իրենց տեղը գտնելու ամենօրյա խնդիրը հարևանների մոտ դեռ շատ երկար է շարունակվելու, այս ընթացքում հակամարտությունը ընդգծված միջքաղաքակրթական տեսք է ստանալու, Արցախ-Ադրբեջանից Աշխարհ-Ադրբեջան հակամարտության վերափոխումը մեր աչքի առաջ է տեղի ունենում, այս ընթացքում «սաֆարովներ», «ականջակտրումներ» ու «ալիևագիտություններ» դեռ շատ են լինելու.

P.S. Մոտակա տասնամյակներում KilDim մուլտֆիլմերը սցենարի անսպառ աղբյուր կունենան: