Ադրբեջանում
նոր գիտություն են հիմնել` “Aliyevshunasliq”,
այսինքն`
ալիևագիտություն: Հեյդար
Ալիևի կյանքը ուսումնասիրող «գիտությունը» հիմնվել է երկրի Գիտությունների Ակադեմիայի
պատմության ինստիտուտի շրջանակներում: Զավեշտալի փաստի առաջին արձագանքը Ադրբեջանի բռնապետական
լինելն է` «որդին աստվածացնում է հորը», բայց փաստը շատ ավելի խորը
մտորելու առիթ է տալիս:
Մինչև
միաստվածության հաղթարշավը, հեթանոս աշխարհում տարածության և ժամանակի ընկալման բոլորովին
այլ համակարգ էր գործում: Մարդկանց շրջապատող աշխարհն ու իրադարձությունների զարգացման
ընթացքը ցիկլային էր, ամեն ինչ ինչ-որ պահի սկսում էր կրկնվել, միաստվածությունը տվեց
սկիզբ ու վերջ, աշխարհի ստեղծումից մինչև Ահեղ Դատաստան, սկզբի և վերջի համանման պատկերացնումները
միաստվածային բոլոր կրոնների հիմքն են: Սկզբի և վերջի պատկերացումը միայն կրոնական
խնդիր չէ, սկիզբ է պետք նաև ժողովրդին, ազգին, պետությանը. օրինակ` Հայկ Նահապետից
մինչև 3-րդ հանրապետություն, կամ «Միշտ եղել ենք հզորների գերին, պայքարել ենք, անկախացել,
ուռա...»: Բայց ինչ անել, երբ Հայկ Նահապետ չկա, երբ կրոնը չի կարող դեր ունենալ ու
տալ սկզբի պատշաճ ընկալում, /որովհետև խորհրդային անաստվածությունից դեռ 20 տարի է անցել/,
առանց սկզբի աշխարհը հեթանոսական է ընկալվում, ցիկլերով, ու դառնում է անհասկանալի
մյուսների համար, հետևաբար սկիզբը պետք է ստեղծել: Սա Ադրբեջանում դժվար թե հասկանում
են, ամեն ինչ բնազդով է արվում, բնազդով է նաև քարոզվում ատելությունը, դրա կարիքը
շատ մեծ է...
Հայերս
հարևան երկրի համար շատ կարևոր ենք, պատկերացրեք` աշխարհում հայ չկա, չկա Հայաստան
և Արցախ. Ադրբեջանը մի քանի տարի հետո կդադարի գոյություն ունենալ, իսկ «ադրբեջանցի»
չի լինի մի քանի ամսից: Ինքնության փնտրտուքները առանց թշնամու դատապարտված են: Եթե
չկա սկիզբ, ընդհանուր պայքարի զգացում, ժողովուրդ չի ձևավորվում: Մենք այդ փուլն անցել
ենք շատ վաղուց, հարևան երկրում գործընթացը սկսվել է 90-ականներին: Հեյդար Ալիևին
գիտության ճյուղ դարձնելը սկիզբը գտնելու նրանց բնազդի հուսահատ դրսևորումն է, հայերից
թշնամի դարձնելը նրանց` լավի ու վատի տարանջատման բնազդի` անհաջող արտահայտումը:
Ինքնության
և աշխարհում իրենց տեղը գտնելու ամենօրյա խնդիրը հարևանների մոտ դեռ շատ երկար է շարունակվելու,
այս ընթացքում հակամարտությունը ընդգծված միջքաղաքակրթական տեսք է ստանալու, Արցախ-Ադրբեջանից Աշխարհ-Ադրբեջան հակամարտության վերափոխումը մեր աչքի առաջ է տեղի ունենում, այս ընթացքում
«սաֆարովներ», «ականջակտրումներ» ու «ալիևագիտություններ» դեռ շատ են լինելու.
P.S.
Մոտակա տասնամյակներում KilDim մուլտֆիլմերը սցենարի անսպառ աղբյուր կունենան:
No comments:
Post a Comment