Իսկ դուք չե՞ք մոռացել, որ Հայաստանը 22 տարի առաջ դեռ Խորհրդային Միության մասն էր, չե՞ք մոռացել, որ Հայաստանի Հանրապետությունը անկախացել է մի հսկա երկրից, անջատվել է փլուզվող համակարգից, որտեղ ձևը միշտ ճնշել է բովանդակությանը, կամ որ Հայաստանը այսօր ղեկավարող սերունդը ապրել է հենց այդ երկրում, կամ որ կրթություն ստացել է այնտեղ, մանկություն, պատանեկություն և նույնիսկ երիտասարդություն ապրել է այլ երկրում, դե Կոմկուսի ազդեցության մասին էլ չասեմ, այստեղ անդամագրվում էին նույնիսկ այն հայերը, որոնք մի օրում դարձան ազգայնականներ:
Առաջին պարբերությունը Հայկական Աշխարհն է, երկրորդը` Հայաստանի Հանրապետությունը: Անցած 22 տարում երկու Հայաստանները ավելի ուժեղ են բախվում իրար, իրար չեն հասկանում: Գերխնդիրը մեկն է` ինչպես միացնել երկու` բոլորովին տարբեր Հայաստանները: Ես դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ դա պետք է անել...
Միջազգային ներկա համակարգը ստեղծվել է ընդամենը տասնամյակներ առաջ, պետք չէ շրջապատող ներկան ընդունել որպես աքսիոմատիկ ճշմարտություն, մինչև Առաջին աշխարհամարտը մենք այլ աշխարհում էինք ապրում, այլ աշխարհում ենք ապրելու նաև վաղը:
Ու հենց վաղվա պետության տեսակի մասին է պետք մտածել: Անտանելի, ուղղակի զզվելի է անընդհատ սպասել, որ ինչ-որ տեղ, ինչ-որ բան ստեղծվի, որ մենք օգտագործենք, պետության նոր տեսակ ստեղծել կարելի է, ու դա պետք է մենք անենք...
Իսկ մինչև այդ, Հայաստանի զինանշանի Առյուծը կշարունակի թեքել հայացքը Արծիվից, նրանք իրար չեն հասկանում:
P.S. Չի բացառվում, որ մոտ ապագայում «Երկիրը երկիր չի» անհեթեթ արտահայտությունը շատ էլ խորափիլիսոփայական հնչի: Հայությանը «Երկրի» նոր համակարգ է անհրաժեշտ: