Monday, July 2, 2012

նաևրԵ՞, թե՞ տեզայա՞Բ,

Հայելին հետաքրքիր բան է, աջը ձախ է, ձախը աջ, բայց ճիշտը սխալ չէ ու հակառակը: Կարսը շատ նման է Երևանի Արամի և Բյուզանդի փողոցներին, հայերի տներն այստեղ հեշտ է գտնել, 19-րդ դարի քարե կառույցներ, առանց առաստաղի, պատուհանի, ներսում ոչինչ չկա, բայց փայտե դուռն ամուր փակ է կողպեքով: Սև հումորն անպակաս էր, մեկը կատակեց, թե այս դուռը վերջին անգամ Սիմոն Վրացյանն է փակել ու գնացել, մյուսն էլ ասաց, որ Դրոն էլ մի հատ քաշել է, որ համոզվի, թե փակ է, երրորդ էլ ասաց, որ բանալին երևի դռան դեմի շորի տակ են պահել: Իրականում հենց այդպես էլ եղել է, փորձեցինք հիշել Հայաստանի տարածքում մի քաղաք, որը նույնպես բերդ ուներ, ինչպես Կարսը, Վանը, Բայազետը, չգտանք...

Անկեղծորեն, այսօրվա Հայաստանը բոլոր Հայաստանների մեջ լավագույնը դառնալու հնարավորություն ունի: Զգացե՞լ եք, որ մենք չենք հիշում այն զինվորների անունները, ովքեր ազերի դիվերսանտներ են սատկացնում, ֆիքսում ենք փաստը, ասում ենք հալալ ա տղեքին ու վերջ, 1920թ-ին նրանցից ամեն մեկը Անդրանիկ էր դառնում: Բանակ ունենք, սա Կարսի պաշտպանների բանակը չէ, էլ փախչող չկա նույնիսկ անհարմար դիրքերից: Այս մտքերով գալիս ենք Երևան ու տեսնում, որ Կարսի հայերի տները շատ չեն տարբերվում Երևանի նույնպիսի կառույցներից, այն տարբերությամբ, որ թուրքերը չեն էլ քանդում, որ մի բան կառուցեն:


Լրատվաշխատանք ունեցող մարդիկ կհասկանան, լուրերին չհետևելը մեծ հանգիստ է, բայց հետո զգում ես, որ մի բան էն չի, բացում ես հայրենական լրատվականների կայքերը, ու սկսվեց... Հարսնաքար, ծեծ, օլիգարխ, խայտառակություն...


Հայելին հետաքրքիր բան է, աջը ձախ է, ձախը աջ, բայց ճիշտը սխալ չէ ու հակառակը: 
Բայազետը Արարատի անմիջապես մյուս կողմում է, Բայազետից Արարատ գրեթե այնքան է, որքան Արարատից մեր սահման: Այս քաղաքում բացի ափսոսանքից ուրիշ բան զգալը դժվար է: Oտար մարդիկ հարազատ հողում, բնականաբար ցանկանում ես, որ այն կրկին լինի մեր երկրի մասը, մտածում ես, թե դրա համար ինչ է պետք, ինչպես է դա հնարավոր, կամ ինչու է անհնար: 

Հայելին հետաքրքիր բան է, աջը ձախ է, ձախը աջ, բայց ճիշտը սխալ չէ ու հակառակը: Բայազետում Մասիսները տեղերով փոխված են, բայց նույնն են: Ոչ մի հրեամասոնական անգլերեն խոսող դավադիր մեղք չունի, որ Բայազետը չի դառնա նավերԵ, ոչ մեկն էլ մեղավոր չի լինի, եթե հանկարծ մի օր Երևանը դառնա տեզայաԲ...


Monday, May 14, 2012

TwitTerroR


  Սոցցանցերը` որպես արևմուտքում 
իսլամի ադապտացման անուղղակի խթան

2003-04թթ. ից սկսած մեկը մյուսի ետևից ստեղծվեցին սոցիալական ցանցեր, որոնց օգտատերերի թիվը կարճ ժամանակահատվածում կտրուկ աճեց: Ամբողջ աշխարհում փոխվեց ինֆորմացիայի տարածման ոչ միայն արագությունը, այլ նաև որակը և բովանդակությունը: Միաժամանակ սոցցանցերն ու ինֆորմացիայի տարածման արագությունը խնդիրները լուծող մարմինների համար իսկական պատուհաս են դառնում: Այսօր կարելի է նկատել, թե որքան արագ և որքան շատ նախաձեռնություններ են ի հայտ գալիս սոցցանցերի միջոցով, ինչպիսի արագությամբ են խնդիրները բարձրացվում և պետական մարմիններից լուծում պահանջում: Բողոքն ու պահանջը կրում են հորիզոնական բնույթ, դրանք հիերարխիկ չեն, ինչպես այդ պահանջը բավարարող կառույցները, որոնք ուղղահայաց են: Այսինքն ճնշումն ու հակաճնշումը կառուցվածքային առումով այլևս հակասում են միմյանց: Եթե նախկինում կար խնդիր, ապա այն մուտք էր գործում պետական որևէ մարմին, մակագրվում էր ավելի բարձր մարմնին, մի պաշտոնյա ուղարկում էր բողոքը մեկ այլ կառույցում իր գործընկերին և այլն: Այսինքն խնդիրը բարձրանում էր ուղղահայաց և լուծումն էլ տրվում էր նույն կերպ: Այժմ սոցցանցերը կոտրել են այդ համաչափությունը, խնդիրը շատ ավելի արագ է ի հայտ գալիս, քան դրա լուծումը, պետական մարմինները չեն հասցնում դրանց ընթացք տալ, առաջանում է քաոս: Պահանջները բավարարելու համար ժամանակ է անհրաժեշտ, բայց պահանջները ավելանում են առանց լուծմանը սպասելու: Նշված խնդիրը ի հայտ է գալիս աշխարհի բոլոր երկրներում, որտեղ սոցցանցերի հանդեպ սահմանափակումներ չկան, այս փաստը շատ ավելի ծանր հետևանքներ է ունենում այն երկրներում, որտեղ իշխանությունները շարունակում են մնալ փակ, պահպանողական, ընդունակ չեն ժամանակի հետ ի հայտ եկող խնդիրներին լուծում տալ: Իսկ կոռումպացված և ոչ դեմոկրատական ճանապարհով իշխանություն ձևավորած ուժերի համար նշված երևույթը ընդհանրեպես սարսափելի հետևանքներ կարող է ունենալ:
Սոցցանցերը ստիպում են մշակել նոր համակարգ, որտեղ արագ հարցին կտրվի արագ պատասխան, այսինքն իշխանության հիերարխիկ բնույթը պետք է դառնա ավելի հորիզոնական: Օմմայան, Աբբասյան, նաև Oսմանյան կայսրությունների մեծ տարածքը և երկար ժամանակ դրա պահպանման ֆենոմենը բացատրվում է առաջին հերթին նրանով, որ յուրաքանչյուր մզկիթ իրենից ներկայացնում էր խնդիր բարձրացնելու և անմիջապես դրա պատասխանը ստանալու վայր, չկար բյուրոկրատիա, հարցերը ստանում էին իրենց պատասխաններն ավելի արագ, քան այսօր արևմտյան երկրներում: Oսմանյան կայսրությունը սկսեց փլուզվել, երբ ներդրեց կառավարման արևմտյան համարգ, ինչը օսմանյան կայսրության բնակիչների խնդիրները սկսեց ավելի դանդաղ լուծել: Իսլամական հասարակություն-իսլամական իշխանություն հարաբերությունը կատարելապես համապատասխանում է այն պահանջերին, որոնց առաջ այսօր կանգնած է արևմուտքը: Օքսֆորդի համալսարանի պորֆեսոր Տարիկ Ռամադանը մի առիթով հայտարարել է, որ հետընթաց ապրող արևմուտքի փրկությունն իսլամի մեջ է:[1] Իսլամը, հատկապես շիիզմը, խնդրին արագ արձագանքելու լավագույն հնարավորությունն է տալիս, սոցցանցերի առաջացրած քաոսին ի պատասխան արևմուտքը ունի նման գործիքի կարիքը: Եվ այսպես, խուսափելու համար օկուպացրու ուալլ-սթրիթը, այգին մերն է, կամ 99% կարգախոսներով ցույցերից ի հայտ է գալիս իսլամական մշակութային զինանոցից օգտվելու կարիք:
«Քաղաքակրթական գործընթացները հիմնականում կապված են քաղաքակրթական հոսանքի հետ, որը արտաքին աշխարհից ներթափանցում է հասարակություն` փոփոխելով վերջինիս կյանքը, ձեւավորելով նոր գործոններ, որոնք էական են դառնում տվյալ հասարակության համար, քանի որ ստեղծում են հասարակության ներսում այնպիսի կառույցներ, նորմեր եւ արժեքներ, որոնք թույլ են տալիս հեշտ ադապտացնել ներթափանցող տարրերը: Որոշ դեպքերում քաղաքակրթական հոսանքը իր հետ բերում է (եւ հենց դրանցով էլ ներկայանում է) մշակութային նորմեր եւ արժեքներ: Սակայն այդ նորմերի եւ արժեքների ադապտացումը տեղական միջավայրում անհնար կլինի, եթե այն նախապատրաստված չէ քաղաքակրթական արդյունքի թափանցմամբ»:[2]
Հետևելով այս բանաձևին` որպես քաղաքակրթական հոսանք ընդունենք եվրոպայում հայտնված մուսուլմաններին, իսկ որպես քաղաքակրթական արդյունքի թափանցման նախապատրաստություն` եվրոպայում մուսուլմանների հետ հաշտ գոյակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Այսինքն, պայմանների ստեղծումը կլուծի եվրոպայում մուսուլմանների ադապտացվելու հարցը, միաժամանակ, որպես խնդրի հակառակ կողմ, այդ պայմանների ստեղծմամբ արևմուտքի պետության կառուցվածքը կդառնա ավելի հորիզոնական` լուծելով սոցցանցերի առաջացրած խնդիր-պատասխան հարաբերակցության տիրույթում ի հայտ եկած խառնաշփոթը: Իսկ ի՞նչ է նշանակում պայմանների ստեղծում: Ահա այստեղ է գալիս արևմուտքի և իսլամի ընդհանուր կարիքներից բխող խնդրի լուծումը,  քանի որ այն պայմանները, որոնք արևմուտքը պետք է ստեղծի իսլամի համար առաջին հերթին անհրաժեշտ են հենց իրեն, խոսքը իշխանությունը հորիզոնականացնելու մեջ է: Եվրոպայում հայտնված մուսուլմանը համալրում է ծայրահեղականների շարքերը, կամ էլ դառնում է միջավայրի համար ոչ ադեկվատ այն պատճառով, քանի որ չի կարողանում գտնել իր եսը, չի կարողանում գտնել, քանի որ արևմուտքում չկան իր մշակութային միջավայրի կողմից թելադրվող լավի-վատի, գեղեցիկի-տգեղի չափանիշները: Նույն Տարիկ Ռամադանը գրում է, որ եվրոպայում հայտնված մուսուլմանի խնդիրները հասկանալու համար անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել իսլամը, ոչ թե լսելով եվրոպական աշխարհընկալմանը խորթ իսլամական որևէ նորմի մասին` անմիջապես քննադատել այն:[3] Բացի այդ,  Ռամադանը նշում է, որ այսօր Գերմայիային անհրաժեշտ է չափազանց խորը գիտելիքներ ունենալ թուրքիայի պատմության մասին` նկատի ունենալով, որ գերմանիայում միլիոնավոր թուրքեր են ապրում, այսինքն ադապտացման համար պետք է խորությամբ ճանաչել ադապտացվողին:
Եվրոպայում, հասնելով իսլամի ճանաչման այդ խորությանը, կարելի է պետական կառավարման համակարգը վերափոխել` դարձնելով ավելի հորիզոնական-ցանցային, որտեղ եվրոպացին կունենա պետության հետ առնչվելու իր տարբերակը, մուսուլմանը` իր, ընդ որում մուսուլմանի համար պետության հետ ունեցած բոլոր խնդիրների պատասխանները նա կստանա մոտակա մզկիթում: Բազմամշակութային նոր հասարակության և դրան համապատասխան պետական համակարգի հորիզոնականացման պայմաններում ադապտացման խնդիրը կարող է լուծվել:
Իշխանության հորիզոնականացումը, որն իսլամական մշակութային արդյունք է, արևմուտքում կիրառվելու դեպքում կհանգեցնի իսլամ-արևմուտք հարաբերությունների հավասարությանը, այսինք այն, ինչը կօգնի մուսուլմանին գտնել իրեն եվրոպայում, միաժամանակ կվերացնի եվրոպացու համար սոցցանցերի առաջացրած քաոսի հետևանքները: մշակութային նման համագործակցության հետևանքով մուսուլմանը եվրոպայում կընկալվի բոլորովին այլ կերպ, քանի որ եվրոպացին նրան կդիտարկի որպես իր խնդիրները լուծելու հնարավորությունը իր հետ բերած մարդու, ոչ թե եվրոպական համակարգի համար անընդունելի ապրելակերպ վարող օտարի:


Tuesday, February 21, 2012

Հորիզոնական այգին ընդդեմ ուղղահայաց բուտիկների


Երբ տարիներ առաջ Երևանի սրտում սկսվեցին շինարարական լայնածավալ աշխատանքեր, ինչի արդյունքում կառուցվեց Հյուսիսային պողոտան, շատ երևանցիներ բողոքեցին քաղաքի տեսքի նման փոփոխության դեմ, սակայն մի ամբողջ պողոտայի և բազմաթիվ նորակառույց շենքերի կառուցման դեմ բողոքի լուրջ ակցիաներ չկազմակերպվեցին: Ընդամենը մի քանի տարի անց,  արդեն բոլորովին այլ իրավիճակ է, բազմաբնակարանային շենքերի փոխարեն իրենց ծավալներով անհամեմատ ավելի փոքր շինությունների կառուցումը հարուցում է մեր քաղաքի բնակիչների նման համառ դիմադրությունը: Նման փոփոխությունների բացատրության մասին խոսելիս գերիշխում է այն կարծիքը, որ մեր երկրում ձևավորվում կամ արդեն իսկ ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, մարդիկ իրենց իրավունքների համար պայքարել են սովորել և այլն...

Վերջին օրերին հետևելով Մաշտոցի պողոտայի հարևանությամբ գտնվող այգու շուրջ ծավալված իրադարձություններին, չափազանց պատկերավոր կարելի էր նկատել, որ պահանջն ու հակապահանջը գտնվում են հակառակ հարթություններում: Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչն ակտիվիստներին ներկայացրեց քաղաքապետարանի աշխատաոճի շատ տիպիկ պատկերը` նշելով, որ բնապահպանների պահանջի մասին տեղեկացվել է համապատասխան մարմնին, այդ պահանջը պետք է քննարկվի, համապատասխան հրահանգներ տրվեն տարբեր ստորաբաժանումներին, ինչի համար ժամանակ է անհրաժեշտ: Այս խոսքերն առաջին հայացքից շատ պաշտոնական են, ընկալվում են որպես շատ նորմալ երևույթ, դրանք կարելի է որակել նույնիսկ հուսադրող, սակայն ողջ խնդիրը թաքնված է հենց այս աշխատաոճի մեջ:

Պետության ուղղահայց բնույթը, որը խնդիրները լուծելու միակ կառուցվածքն է ապահովում, այլևս չի հասցնում պահանջների արագությանը, կրպակների կառուցման ողջ գործընթացը հարմարեցվում է ուղղահայաց համակարգին, ինչն ապահովում է նրանց պաշտպանությունը պետության կողմից, իսկ այգու պաշտպանների պահանջները բավարարելու համար, եթե նույնիսկ նման ցանկություն լինի, անհրաժեշտ է դիմել ոչ կանոնակարգային, բոլորովին նոր միջոցների, ինչը չի տեղավորվում իշխանական համակարգի ուղղահայաց բնույթի մեջ:

Որպես ասվածիս հետևանք մենք տեսնում ենք, թե ինչ արագությամբ է տարածվում այն զգացումը, որ հանրությունը և իշխանությունը գտնվում են հակառակ ճամբարներում: Սակայն հարկ է նշել, որ ցանկացած իշխանություն` լինի այն աջ, թե ձախ ուժերի ձեռքում,  միևնույնն է բախվելու է հորիզոնական պահանջ-ուղղահայաց հակազդեցություն խնդրի հետ: Այգու պաշտպան-բուտիկի պաշտպան հակադարձվող պատկերացումները ի հայտ բերող պատճառները կապված են ժամանակի արագացման և դրան համարժեք պատասխան տալու անկարողության հետ:

Այսինքն խնդիրը սկզբունքորեն քաղաքական բնույթ կրել չի կարող, փոփոխման է ենթակա ուղղահայաց և դանդաղ համակարգը, սակայն դա անհնար կլինի, եթե մենք վերջիվերջո չձերբազատվենք «դավաճան գրանտակերներ» կամ դրան հակառակ «հաստավիզ օլիգարխներ» փոխադարձ պիտակներից: