Monday, July 2, 2012

նաևրԵ՞, թե՞ տեզայա՞Բ,

Հայելին հետաքրքիր բան է, աջը ձախ է, ձախը աջ, բայց ճիշտը սխալ չէ ու հակառակը: Կարսը շատ նման է Երևանի Արամի և Բյուզանդի փողոցներին, հայերի տներն այստեղ հեշտ է գտնել, 19-րդ դարի քարե կառույցներ, առանց առաստաղի, պատուհանի, ներսում ոչինչ չկա, բայց փայտե դուռն ամուր փակ է կողպեքով: Սև հումորն անպակաս էր, մեկը կատակեց, թե այս դուռը վերջին անգամ Սիմոն Վրացյանն է փակել ու գնացել, մյուսն էլ ասաց, որ Դրոն էլ մի հատ քաշել է, որ համոզվի, թե փակ է, երրորդ էլ ասաց, որ բանալին երևի դռան դեմի շորի տակ են պահել: Իրականում հենց այդպես էլ եղել է, փորձեցինք հիշել Հայաստանի տարածքում մի քաղաք, որը նույնպես բերդ ուներ, ինչպես Կարսը, Վանը, Բայազետը, չգտանք...

Անկեղծորեն, այսօրվա Հայաստանը բոլոր Հայաստանների մեջ լավագույնը դառնալու հնարավորություն ունի: Զգացե՞լ եք, որ մենք չենք հիշում այն զինվորների անունները, ովքեր ազերի դիվերսանտներ են սատկացնում, ֆիքսում ենք փաստը, ասում ենք հալալ ա տղեքին ու վերջ, 1920թ-ին նրանցից ամեն մեկը Անդրանիկ էր դառնում: Բանակ ունենք, սա Կարսի պաշտպանների բանակը չէ, էլ փախչող չկա նույնիսկ անհարմար դիրքերից: Այս մտքերով գալիս ենք Երևան ու տեսնում, որ Կարսի հայերի տները շատ չեն տարբերվում Երևանի նույնպիսի կառույցներից, այն տարբերությամբ, որ թուրքերը չեն էլ քանդում, որ մի բան կառուցեն:


Լրատվաշխատանք ունեցող մարդիկ կհասկանան, լուրերին չհետևելը մեծ հանգիստ է, բայց հետո զգում ես, որ մի բան էն չի, բացում ես հայրենական լրատվականների կայքերը, ու սկսվեց... Հարսնաքար, ծեծ, օլիգարխ, խայտառակություն...


Հայելին հետաքրքիր բան է, աջը ձախ է, ձախը աջ, բայց ճիշտը սխալ չէ ու հակառակը: 
Բայազետը Արարատի անմիջապես մյուս կողմում է, Բայազետից Արարատ գրեթե այնքան է, որքան Արարատից մեր սահման: Այս քաղաքում բացի ափսոսանքից ուրիշ բան զգալը դժվար է: Oտար մարդիկ հարազատ հողում, բնականաբար ցանկանում ես, որ այն կրկին լինի մեր երկրի մասը, մտածում ես, թե դրա համար ինչ է պետք, ինչպես է դա հնարավոր, կամ ինչու է անհնար: 

Հայելին հետաքրքիր բան է, աջը ձախ է, ձախը աջ, բայց ճիշտը սխալ չէ ու հակառակը: Բայազետում Մասիսները տեղերով փոխված են, բայց նույնն են: Ոչ մի հրեամասոնական անգլերեն խոսող դավադիր մեղք չունի, որ Բայազետը չի դառնա նավերԵ, ոչ մեկն էլ մեղավոր չի լինի, եթե հանկարծ մի օր Երևանը դառնա տեզայաԲ...


5 comments:

  1. Զգայուն, թեթեւ ու խորը

    ReplyDelete
  2. Լավ էսսե է, բավականություն ստացա: Հռետորական (կամ գուցե` ո՞չ) հարցիդ («...մտածում ես, թե դրա համար ինչ է պետք, ինչպես է դա հնարավոր, կամ ինչու է անհնար») վերաբերյալ ասեմ, որ միշտ (դեռ Սովետական Հայաստանի օրերից) համոզված եմ եղել, որ դրա համար պետք է զարգացած, ուժեղ, գրավիչ երկիր լինել: Այդժամ շատ բաներ կարելի է հետ բերել` այս կամ այն ձևով: Իսկ մինչ «Կարսի հայերի տները շատ չեն տարբերվում Երևանի նույնպիսի կառույցներից», մինչ մեր գյուղերի (և ոչ միայն) տները և գյուղերն ընդհանրապես այնպիսի տեսք ունեն, կարծես հրոսակախումբը կես ժամ առաջ է հեռացել, մինչ չբավարարված ֆեոդալականությունը չվերանա, մինչ... որն ասեմ... ինչքա՜ն ուզում ենք ռազմահայրենասիրական երգեր երգենք ու երկրի բոլոր պատերը հերոսների պատկերներով պատենք` ընդամենը աքլորանալ է նշանակելու:

    ReplyDelete
  3. «Փորձեցինք հիշել Հայաստանի տարածքում մի քաղաք, որը նույնպես բերդ ուներ, ինչպես Կարսը, Վանը, Բայազետը, չգտանք...» : Բա Շուշի՞ն։

    ReplyDelete
    Replies
    1. Համաձայն եմ, մոռացել էի :)ևս մի օրինակ, որ էսօրվա Հայաստանը լավագույնը դառնալու հնարավորություն ունի:

      Delete