Saturday, March 1, 2014

Կապի խնդիրը

Ռուսերենում Ուկրաինան ունի անսովոր տեղ, ռուսները ասում են, օրինակ` Հայաստանում` в Армении, բայց Ուկրաինայի դեպքում ասում են Ուկրաինայի վրա` на Украине. Ուկրաինացիները միշտ նեղանում են, պահանջում են ռուսներից, որ իրենց երկրի մասին խոսելիս օգտագործեն մեջ կապը, ոչ թե վրա, շատ պարզ պատճառով, ռուսները մեջ կապը կիրառում են Ռուսաստանի երկրամասերի մասին խոսելիս` օրինակ на Кубани, на Дальнем Востоке, на Кавказе...

Պատկերացրեք, Ռուսաստանում ամեն օր ինչ-որ մեկը կարող է խոսել Ուկրաինայի մասին, և, առանց վիրավորելու ցանկության, ասել на Украине. Թվում է, նեղանալու բան չկա, բայց լեզվական այս նրբությունը ցույց է տալիս ռուսների վերաբերմունքը Ուկրաինայի հանդեպ` մի կողմից անկեղծ, դրական, եղբայրական, մյուս կողմից` կայսերական, թե, դա մեր հողն է: Ուկրաինացիները անընդհատ վիրավորված են.

Ընդամենը կապի խնդիր, ռուս-ուկրաինական խնդիրների սկզբնապատճառ, որը արյունահեղության է տանում.

Պատերազմը կանխելն անհնար է, եթե բոլորը խոսում են դրա վատ հետևանքների մասին, պատճառն է կարևոր,  ընդ որում` չքաղաքականացված, իրական պատճառը, իսկ այս դեպքում այն ընդամենը կապի մեջ է` մեջ, թե վրա, խաղաղություն, թե պատերազմ.

Կապը կապ ունի.



Ստալինի արհեստական ճաքերը.

Չլսված բան, Գերմանիայի ԱԳ նախարարը, ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը, ԵՄ պաշտոնյաներ գալիս են Ուկրաինա, ելույթ ունենում ընդդիմության հանրահավաքում, հետո նոր գնում, հանդիպում նախագահի հետ: Լեհ պատգամավորները նույնիսկ վրան են տեղադրում Կիևի կենտրոնում` խախտելով ուկրաինական դատարանի որոշումը: Ու բոլորը երջանիկ են, կարծես ոչինչ տեղի չի ունենում: Ուկրաինայի ինքնիշխանությունը պատահական չէ, որ ոչ ոք հաշվի չի առնում: Ու դա կապված չէ այդ երկրի չափերի, հնարավորությունների հետ: Ուկրաինան ունի խոշոր հանքեր, մոտ հիսուն միլիոն բնակչություն, Եվրոպան կապում է Ռուսաստանի հետ, ռուսական գազը հասցնում է Եվրամիության երկրներ: Բայց այդ երկրի ինքնուրույնությունը կարծես գոյություն չունի, ուղղակի չկա:


Ուկրաինան մեծ երկիր է, այն Հայաստան չէ, բայց այսօր ստալինյան քաղաքականությունից տուժում է նույնքան, որքան Հայաստանը, Արցախը, բոլորը: Ուկրաինայի արևմուտքը ավանդաբար հակառուսական է, այն ավելի շատ նման է Լեհաստանին` պատմությամբ, ճակատագրով, աշխարհագրությամբ: Ուկրաինայի արևելքը բոլորովին այլ երկիր է, սա Ռուսաստան է: Ու հանկարծ գալիս է ընտրության պահը, երկիրը կանգ է առնում: Ընտրել` նշանակում է կործանվել, կիսել երկիրը երկու մասի: Ուկրաինան խորհրդային տարիներին դարձավ ուկրաինացիների և ռուսների խորհրդային երկիր, որպես նվեր էլ ստացավ Ղրիմը, որն Ուկրաինայի հետ ընդհանրապես կապ չուներ: Հանկարծ երկիրը փլուզվեց, ի հայտ եկավ մեծ, շատ մեծ Ուկրաինա:


Հենց այդ պահին էր պետք մտածել նոր երկիրը կայացնելու համար, մինչդեռ ամեն ինչ մնաց նույնը: Ինչ է Ուկրաինան: Ռուս-ուկրաինական թե ուկրաինական պետություն: Գտնել հարցի պատասխանը այդքան էլ բարդ չէ, բայց դա ժամանակին էր պետք անե;  Ուկրաինան կապում է Ռուսաստանը Եվրոպայի հետ, կապում է ոչ թե արևելյան ու արևմտյան սահմաններով, այլ ներսից` արևելքը Ռուսաստան է, արևմուտքը` Եվրոպո, իսկ Կիևը` երկրի կենտրոնը` Եվրասիական միացյալ երկրի միակ մայրաքաղաքը: Եթե ինչ է Ուկրաինան հարցի պատասխանը լիներ անկախության սկզբից, այսօր այն կլիներ աշխարհի գերհաջողակ երկրներից մեկը, մինչդեռ ստացվում է ճիշտ հակառակը: Երկիրը կիսվում է, քանի որ ժամանակին չի ունեցել ամենակարևոր հարցի պատասխանը:


Ուկրաինայի երկընտրանքը Հայաստանի հետ որևէ կապ չունի: Եվրամիություն, թե Մաքսային միություն դիլեման Ուկրաինայի ներսում է, ոչ թե հարց` դրսից: Ընտրել` նշանակում է դադարեցնել այսօրվա Ուկրաինայի գոյությունը: Չընտրելն էլ այլևս անհնար է: Ժամանակին էր պետք մտածել: