Չլսված բան, Գերմանիայի ԱԳ նախարարը, ԱՄՆ
Պետքարտուղարի տեղակալը, ԵՄ պաշտոնյաներ գալիս են Ուկրաինա, ելույթ ունենում
ընդդիմության հանրահավաքում, հետո նոր գնում, հանդիպում նախագահի հետ: Լեհ
պատգամավորները նույնիսկ վրան են տեղադրում Կիևի կենտրոնում` խախտելով ուկրաինական
դատարանի որոշումը: Ու բոլորը երջանիկ են, կարծես ոչինչ տեղի չի ունենում:
Ուկրաինայի ինքնիշխանությունը պատահական չէ, որ ոչ ոք հաշվի չի առնում: Ու դա
կապված չէ այդ երկրի չափերի, հնարավորությունների հետ: Ուկրաինան ունի խոշոր
հանքեր, մոտ հիսուն միլիոն բնակչություն, Եվրոպան կապում է Ռուսաստանի հետ,
ռուսական գազը հասցնում է Եվրամիության երկրներ: Բայց այդ երկրի
ինքնուրույնությունը կարծես գոյություն չունի, ուղղակի չկա:
Ուկրաինան մեծ երկիր է, այն Հայաստան չէ, բայց այսօր
ստալինյան քաղաքականությունից տուժում է նույնքան, որքան Հայաստանը, Արցախը,
բոլորը: Ուկրաինայի արևմուտքը ավանդաբար հակառուսական է, այն ավելի շատ նման է
Լեհաստանին` պատմությամբ, ճակատագրով, աշխարհագրությամբ: Ուկրաինայի արևելքը
բոլորովին այլ երկիր է, սա Ռուսաստան է: Ու հանկարծ գալիս է ընտրության պահը,
երկիրը կանգ է առնում: Ընտրել` նշանակում է կործանվել, կիսել երկիրը երկու մասի:
Ուկրաինան խորհրդային տարիներին դարձավ ուկրաինացիների և ռուսների խորհրդային
երկիր, որպես նվեր էլ ստացավ Ղրիմը, որն Ուկրաինայի հետ ընդհանրապես կապ չուներ:
Հանկարծ երկիրը փլուզվեց, ի հայտ եկավ մեծ, շատ մեծ Ուկրաինա:
Հենց այդ պահին էր պետք մտածել նոր երկիրը
կայացնելու համար, մինչդեռ ամեն ինչ մնաց նույնը: Ինչ է Ուկրաինան:
Ռուս-ուկրաինական թե ուկրաինական պետություն: Գտնել հարցի պատասխանը այդքան էլ
բարդ չէ, բայց դա ժամանակին էր պետք անե; Ուկրաինան կապում է Ռուսաստանը Եվրոպայի հետ,
կապում է ոչ թե արևելյան ու արևմտյան սահմաններով, այլ ներսից` արևելքը Ռուսաստան
է, արևմուտքը` Եվրոպո, իսկ Կիևը` երկրի կենտրոնը` Եվրասիական միացյալ երկրի միակ մայրաքաղաքը: Եթե ինչ է Ուկրաինան
հարցի պատասխանը լիներ անկախության սկզբից, այսօր այն կլիներ աշխարհի գերհաջողակ
երկրներից մեկը, մինչդեռ ստացվում է ճիշտ հակառակը: Երկիրը կիսվում է, քանի որ
ժամանակին չի ունեցել ամենակարևոր հարցի պատասխանը:
Ուկրաինայի երկընտրանքը Հայաստանի հետ որևէ կապ
չունի: Եվրամիություն, թե Մաքսային միություն դիլեման Ուկրաինայի ներսում է, ոչ թե
հարց` դրսից: Ընտրել` նշանակում է դադարեցնել այսօրվա Ուկրաինայի գոյությունը:
Չընտրելն էլ այլևս անհնար է: Ժամանակին էր պետք մտածել:
No comments:
Post a Comment